ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի
մայիսի 31-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի
կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017 թ. հունիսի 10
Ստեփանակերտ
ՀՕ-7-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2016 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր):
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը»:
Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված փոքր, անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման Օրենքով սահմանված ձևերով»:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը իրականացվել է Օրենքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 511 որոշմամբ հաստատված Պետական գույքի կառավարման հայեցակարգի, պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և պետական գույքի կառավարումն իրականացնող մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) հրամանների համաձայն:
Պետական գույքի և հողամասի մասնավորեցման ու օտարման գործարքներով կատարած կանխատեսումների և նախորդ տարիներին կնքած պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա միջոցների չափի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20 000 000 ՀՀ դրամ:
Կատարողականը արձանագրվել է 47 173 058 ՀՀ դրամ, ինչը կազմում է սահմանված պլանի 235,9 տոկոսը, այդ թվում՝ մասնավորեցման պայմանագրերով 7 591 075 ՀՀ դրամ, իսկ առուվաճառքի (օտարման) պայմանագրերով 39 581 983 ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ մուծվել են պետական բյուջե: Նշված մուտքերում ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված 575 145 ՀՀ դրամ տուգանքները:
Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործարքներից առաջացած 5 962 300 ՀՀ դրամ գումարը համաձայն գործող օրենսդրության պահանջների ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Աշխատակազմը շարունակել է Ծրագրի ցանկում մնացած 14 ընկերությունների ակտիվների վիճակի ուսումնասիրման աշխատանքները՝ ուղղված տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով դրանցում ներդրումների ներգրավման հնարավորությունների վերհանմանը, ինչպես նաև Ծրագրում դրանց հետագա մնալու նպատակահարմարության հարցի սահմանված կարգով ընթացքավորմանը:
2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ կիսավեր օբյեկտ, որի գնահատված արժեքը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ: Օբյեկտի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,2096 հա մակերեսով հողամասը գործող օրենսդրության համաձայն մասնավորեցման սուբյեկտին է օտարվել 885 560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետական բյուջե:
Կնքված մասնավորեցման պայմանագրով գնորդը ընդհանուր առմամբ ստանձնել է տարաժամկետ կատարման հետևյալ պարտավորությունները`
1) 30 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցված գույքի գնահատված արժեքի 200,0 տոկոսը, այդ թվում` 15 000 000 ՀՀ դրամ ներդրում հաշվետու ժամանակաշրջանում.
2) 7 նոր աշխատատեղերի ստեղծում:
2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ Ծրագրի ցանկում ընդգրկված երկուսը` Ասկերանի և Հադրութի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերությունները գտնվում էին լուծարման ընթացքում:
2.4. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը մշտապես դիտարկվում և վերահսկվում է Աշխատակազմի կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերահսկողության ներքո գտնվել 20 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունը ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով կազմել է համապատասխանաբար 2 332 700 000 ՀՀ դրամ և 114 աշխատատեղ:
Նույն ժամանակահատվածում Աշխատակազմի վերահսկողությունից հանվել են թվով յոթ մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնցից հինգը՝ պայմանագրային պարտավորությունների ժամկետը ավարտվելու և դրանք ամբողջությամբ կատարելու, մեկը՝ պայմանագրային պարտավորությունները վաղաժամկետ լրիվ կատարելու, մեկն էլ երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի լուծման ու 4 500 000 ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող մասնավորեցված օբյեկտի նկատմամբ պետության սեփականության իրավունքի վերականգնման հիմքով:
Նշված սուբյեկտների ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 651 237 400 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 20 աշխատատեղ: Փաստացի կատարողականը կազմել է 652 877 687 ՀՀ դրամ և յոթ աշխատատեղ կամ ստանձնածի համապատասխանաբար 100,3 և 35,0 տոկոսը:
Սոցիալական երաշխիքների թերակատարման պատճառ է հանդիսացել մասնավորեցման սուբյեկտ՝ «Արզի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնած 184 237 400 ՀՀ դրամ ներդրումների իրականացման և 13 աշխատատեղերի ապահովման պարտավորությունների ընդհանրապես չկատարումը:
Պայմանագրային պարտավուրությունները ավարտած և վերահսկողությունից հանված մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր պայմանագիր է կնքվել մեկ սուբյեկտի հետ, որի պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն հաշվետվության 2.2 պարբերությունում:
Միևնույն ժամանակ, Աշխատակազմի կողմից ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորություններ ստանձնած թվով 8 սուբյեկտների աշխատանքների կատարման ընթացքը: Ընդհանուր պարտավորությունները ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով նույն ժամանակահատվածի համար կազմել է համապատասխանաբար 96 350 000 ՀՀ դրամ և 22 աշխատատեղ:
Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է.
ներդրումներ՝ 83 453 900 ՀՀ դրամ կամ ստանձնածի 86,6 տոկոսը,
աշխատատեղեր՝ չեն ստեղծվել կամ թերակատարվել են 100 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ ունեցող մասնավորեցման (օտարման) սուբյեկտների վերաբերյալ արձանագրված կատարողականի և թերացումների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի, ներկայացված են N 2 աղյուսակում:
Հաշվետու տարվա վերջի դրությամբ Աշխատակազմի վերահսկողության ներքո մնացել է 14 սուբյեկտների մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝
1) ներդրումներ՝ 1 711 500 000 ՀՀ դրամ.
2) սոցիալական երաշխիքներ՝ 101 աշխատատեղ:
2.5 ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործառույթների մասով Աշխատակազմի կողմից և ընդդեմ Աշխատակազմի հայցապահանջներ չեն ներկայացվել, դատական կարգով պայմանագրեր չեն լուծվել:
Աղյուսակ N 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(հազ. ՀՀ դրամ)
Աղյուսակ N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵՎ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(հազ. ՀՀ դրամ)