ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 28-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի
կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2018 թ. հուլիսի 13
Ստեփանակերտ
ՀՕ-34-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2017 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր):
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր Ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ Ծրագիրը»:
Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ Ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված փոքր, անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման Օրենքով սահմանված ձևերով»:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր Ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը իրականացվել է Օրենքի, Ծրագրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 511 որոշմամբ հաստատված Պետական գույքի կառավարման հայեցակարգի, պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և պետական գույքի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի, այնուհետև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հրամանների համաձայն:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման, դրա ձևերի ընտրության այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույն ներդրումների իրականացումն ու արտադրողականության և շահութաբերության բարձրացման խթանումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) հաշվետու ժամանակաշրջանի համար մուտքերը սահմանվել են 20 000 000 ՀՀ դրամ, ինչը ապահովելու նպատակով Նախարարությունը իրեն վերապահված գործառույթների շրջանակում կատարած աշխատանքով արձանագրել է հետևյալ կատարողականը.
1) պետական անշարժ գույքի և հողամասի մասնավորեցման գործարքներից, ինչպես նաև նախկինում կնքած մասնավորեցման պայմանագրերով սահմանված տարաժամկետ վճարումներից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 4 310 060 ՀՀ դրամ.
2) պետական անշարժ և շարժական գույքի ու հողամասի օտարման գործարքներից, ինչպես նաև նախկինում կնքած առուվաճառքի պայմանագրերով սահմանված տարաժամկետ վճարումներից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 14 914 815 ՀՀ դրամ ՀՀ դրամ:
Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում ոչ ֆինանսական ակտիվների օտարումից՝ մասնավորեցման և օտարման գործարքներից Արցախի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ մուտքագրվել է 19 224 875 ՀՀ դրամ կամ սահմանված պլանի 96,1 տոկոսը:
Նշված մուտքերում ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված 970 000 ՀՀ դրամ տուգանքները:
Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործարքներից առաջացած 4 054 192 ՀՀ դրամ գումարը համաձայն գործող օրենսդրության պահանջների ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 14 ընկերություններից երեքը պատկանում են էներգետիկայի, յոթը՝ կոմունալ տնտեսության, մեկը՝ ճանապարհաշինության, մեկը՝ շինանյութի արտադրության, մեկը՝ նյութատեխնիկական մատակարարման և մեկը՝ այլ ոլորտներին:
Էներգետիկայի ոլորտում գործող նշված ընկերություններից երկուսի վերաբերյալ մի շարք պոտենցիալ գնորդների կողմից ներկայացվել են մասնավորեցման հայտեր:
2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ կիսավեր օբյեկտ, որի գնահատված արժեքը կազմել է 11 900 000 ՀՀ դրամ: Օբյեկտի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,7677 և 0,2607 հա մակերեսներով հողամասերը մասնավորեցման սուբյեկտին է օտարվել 328 060 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետական բյուջե:
Կնքված մասնավորեցման պայմանագրով գնորդի պարտավորությունները հետևյալն են.
Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը՝
1) 12 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցված գույքի գնահատված արժեքի 100,8 տոկոսը, այդ թվում` 8 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում հաշվետու ժամանակաշրջանում.
2) երկու նոր աշխատատեղերի ստեղծում:
2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված ընկերություններից մասնավորեցվել են երկու գործող փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 9 637 006 273 ՀՀ դրամ: Հաշվի առնելով շուկայում տվյալ ընկերությունների զբաղեցրած դիրքը, դրանց գործունեության ռազմավարական նշանակությունը և ելնելով առավելագույն ներդրումներ ապահովելու անհրաժեշտությունից, մասնավորեցման ձև է ընտրվել մրցույթը: Մասնավորեցման մրցույթներում հաղթող ճանաչված գնորդները Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված մրցութային պայմաններին համաձայն ստանձնել են հետևյալ պայմանագրային պարտավորությունները.
– 4 205 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում կամ գնահատված արժեքի 43,6 տոկոսը, այդ թվում՝ 431 000 000 ՀՀ դրամը հաշվետու ժամանակաշրջանում,
– մասնավորեցման պայմանագրի կնքման պահին սահմանված աշխատավարձի ֆոնդի պահպանում մեկ տարվա ընթացքում,
– գործող սակագների պահպանում հետմասնավորեցման երեք տարվա ընթացքում:
Նույն որոշումներով կնքված մասնավորեցման պայմանագրերով գնորդներին է փոխանցվել նաև մասնավորեցված ընկերությունների պարտավորությունների մարման պարտականությունը, որոնց ընդհանուր չափը կազմում էր 21 036 416 700 ՀՀ դրամ:
Ընկերությունների և կիսավեր օբյեկտների մասնավորեցման մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
2.4 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ Ծրագրի ցանկում ընդգրկված Ասկերանի, Հադրութի և Մարտակերտի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերությունները գտնվում էին լուծարման ընթացքում:
2.5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը մշտապես դիտարկվում և վերահսկվում է Նախարարության կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերահսկողության ներքո գտնվել 14 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, որոնց ընդհանուր ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովումը կազմել է համապատասխանաբար 1 711 500 000 ՀՀ դրամ և 101 աշխատատեղ:
Նույն ժամանակահատվածում Նախարարության վերահսկողությունից հանվել են թվով հինգ մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնցից երեքը՝ պայմանագրային պարտավորությունների ժամկետն ավարտվելու և դրանք ամբողջությամբ կատարելու, մեկը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու, երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը լուծելու և մասնավորեցված օբյեկտի նկատմամբ պետության սեփականության իրավունքը վերականգնելու, մեկն էլ դատական կարգով պետության սեփականության իրավունքը առոչինչ ճանաչելու ու մասնավորեցման գործարքը չեղարկելու և օբյեկտը այլ սեփականատերին փոխանցելու հիմքով:
Վերահսկողությունից հանված վերոհիշյալ սուբյեկտների ընդհանուր պայմանագրային պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 337 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 21 աշխատատեղ: Փաստացի կատարողականը կազմել է 314 430 984 ՀՀ դրամ և 17 աշխատատեղ կամ ստանձնածի համապատասխանաբար 93,2 և 80,9 տոկոսը:
Ներդրումների և սոցիալական երաշխիքների թերակատարման պատճառ է հանդիսացել «Ռաֆո» և «Մալու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից համապատասխանաբար 27 079 000 և 5 409 800 ՀՀ դրամ ներդրումների չկատարումը ու 6 աշխատատեղերի չապահովումը:
Պայմանագրային պարտավորություններն ավարտած և վերահսկողությունից հանված մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 2-ում:
Միևնույն ժամանակ, Նախարարության կողմից ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորություններ ստանձնած թվով 9 սուբյեկտների աշխատանքների կատարման ընթացքը: Տվյալ սուբյեկտների ընդհանուր պարտավորությունները ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով նույն ժամանակահատվածի համար կազմել է համապատասխանաբար 502 000 000 ՀՀ դրամ և 10 աշխատատեղ, որոնցից երկուսի՝ «Նոր Ուղի» (նախկին «Կովկաս») սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 28 000 000 ՀՀ դրամ և անհատ ձեռնարկատեր «Թեյմուր Առուստամյան»-ի՝ 2 000 000 ՀՀ դրամ հաշվետու ժամանակաշրջանի համար ստանձնած ներդրումային պարտավորություններից համապատասխանաբար 20 659 900 և 1 800 000 ՀՀ դրամի չափով աշխատանքները կատարվել են (գերակատարվել են) նախորդ ժամանակաշրջաններում:
Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է.
ներդրումներ՝ 549 092 983 ՀՀ դրամ կամ ստանձնածի 109,4 տոկոսը,
աշխատատեղեր՝ 10 աշխատատեղերի ստեղծում կամ ստանձնածի 100 տոկոսը:
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ ունեցող մասնավորեցման (օտարման) սուբյեկտների վերաբերյալ արձանագրված կատարողականի և թերացումների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի, ներկայացված են N 3 աղյուսակում:
Հաշվետու տարվա վերջի դրությամբ Նախարարության վերահսկողության ներքո մնացել է 12 սուբյեկտների մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝
1) ներդրումներ՝ 5 571 000 000 ՀՀ դրամ.
2) սոցիալական երաշխիքներ՝ 82 աշխատատեղ:
2.6 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործառույթների մասով Նախարարության կողմից և ընդդեմ Նախարարության դատարաններ հայցապահանջներ չեն ներկայացվել:
Պայմանագրային պարտավորությունները չկատարած (ոչ պատշաճ կատարած) մեկ սուբյեկտի` «Ռաֆո» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 13-ի կնքված պետական գույքի մասնավորեցման և գրավի N 984 պայմանագիրը Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների համաձայն լուծվել է երկկողմանի գրավոր համաձայնագրով:
Աղյուսակ 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ
Աղյուսակ N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աղյուսակ 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵՎ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ