ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մարտի 24, 2016
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ – 2016
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
2015 թվականի ընթացքում (այսուհետ՝ հաշվետու ժամանակաշրջանում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ առաջնորդվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
I Պետական գույքի մասնավորեցումը և օտարումը
Պետական գույքի մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական նպատակներն են`
առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,
պետական գույքի մասնավորեցման, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությունների օրենքով սահմանված վերակազմակերպման ձևերի լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, գրավչության մեծացմանը, ներդրումների ներգրավմանն ու անհրաժեշտ աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության մասնավորեցման և օտարման բաժնի կողմից մշակվել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ են դրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 22 որոշման նախագիծ, որոնք բոլորն էլ ընդունվել են՝ այդ թվում 18-ը պետական գույքի մասնավորեցման և օտարման, իսկ 4-ը՝ փոփոխություններ կատարելու մասին: Ըստ օտարման եղանակների դրանց քանակական պատկերը հետևյալն է. մասնավորեցում՝ 3 որոշում՝ այդ թվում. ուղղակի վաճառքի ձևով – 2, աճուրդով – 1, օտարում՝ 15 որոշում՝ այդ թվում. ուղղակի վաճառքի ձևով – 14, աճուրդով – 1: Համապատասխան որոշումներով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է 2 «Այլ», աճուրդով 1 «Կիսավեր» օբյեկտներ և օտարվել են թվով 105 միավոր գույք, որից 3-ը շարժական՝ աճուրդով, 3-ը և 99-ը անշարժ և շարժական՝ ուղղակի վաճառքի ձևով:
Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով վաճառքի է ներկայացվել 13 լոտ, որից 8-ը` հանդիսանում է տրանսպորտային միջոց, 4-ը՝ անշարժ և 1-ը այլ շարժական գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 5-ը, որոնցում ընդգրկված էր 5 միավոր գույք՝ 1-ը անշարժ, իսկ 4-ը շարժական:
Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը կնքել է 102 պայմանագիր, որից 3-ը՝ վերաբերվում է պետական գույքի մասնավորեցմանը, իսկ 99-ը՝ օտարմանը:
Նույն ժամանակահատվածում կնքվել է 4 համաձայնագիր՝ նախկին ժամանակաշրջանում կնքված մասնավորեցման պայմանագրերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկում մնացած 14 ընկերություններից ոչ մեկը չի մասնավորեցվել՝ համապատասխան հայտերի բացակայության պատճառով:
II Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի և հողամասի մասնավորեցումից մուտքագրված ընդհանուր գումարը կազմել է 12,9 մլն ՀՀ դրամ, այդ թվում՝ անշարժ գույքից 11,8 և հողամասից 1,1 մլն ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Նույն ժամանակաշրջանում պետական գույքի և հողամասի օտարման գործարքներով ընդհանուր մուտքերը կազմել են 52,3 մլն ՀՀ դրամ, այդ թվում՝ անշարժ և շարժական գույքից 51,8 և հողամասից 0,5 մլն ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
Վերը նշված հոդվածներով պետական բյուջեի մուտքերը ընդամենը կազմել են 65,2 մլն ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ԼՂՀ կառավարության աշխատակազմի կողմից կնքված վարձակալության պայմանագրերով մուտքերը կազմել են 0,43 մլն ՀՀ դրամ
III. Պայմանագրային պարտավորությունների կատարումը
Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Նախկինում կնքված պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանի համար ստանձնած պարտավորություններ ունեն թվով 15 գնորդ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 476,8 մլն ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 5 աշխատատեղ:
Նշված սուբյեկտներից հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը լրացած գնորդներ են հանդիսանում թվով 3-ը, որոնց ընդհանուր հայտարարված պայամանգրային պարտավորությունները կազմել է 370,5 մլն ՀՀ դրամ ներդրում և 5 աշխատատեղերի ստեղծման սոցիալական երաշխիքների ապահովում, ընդ որում 1-ը, պայմանագրային պարտավորությունները ամբողջությամբ կատարելու և Վարչության կողմից հաստատվելու հիմքով հանվել է վերահսկողությունից: Մնացած 14-ի ստանձնած պարտավորությունների կատարողականը կստուգվի 2016 թվականի առաջին եռամսյակում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել թվով 3 գնորդ, որոնց հայտարարված ընդհանուր պարտավորությունները հետևյալն են՝ 20 մլն ՀՀ դրամ ներդրում և 6 աշխատատեղերի ստեղծում:
Նույն ժամանակահատվածում Վարչության վերահսկողությունից ընդամենը հանվել է թվով 8 մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնց հայտարարված ընդհանուր ներդրումային պարտավորությունները կազմել են 1,05 մլրդ ՀՀ դրամ, սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 266 աշխատատեղ: Փաստացի կատարողականը կազմել է 656,9 մլն ՀՀ դրամ և 103 աշխատատեղ: Հայտարարված պարտավորությունների՝ 389,6 մլն ՀՀ դրամ ներդրումների և 163 աշխատատեղերի ստեղծման թերակատարումը հիմնականում պայմանավորված է մասնավորեցման սուբյեկտ հանդիսացող «Հիսունհինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետության հանդեպ ունեցած պարտավորությունների օրենքով նախատեսված կարգով դադարմամբ: Միևնույն ժամանակ Վարչության կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները մասնավորեցման տվյալ սուբյեկտի վերաբերյալ պետական շահերի ամբողջությամբ վերակագնման ուղղությամբ:
lV. Վարչության կողմից և ընդդեմ Վարչության ներկայացված հայցադիմումները
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչությունն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման հսկողություն: Այս առումով Վարչության գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր հանդես գալու հետ:
Մասնավորապես, Վարչությունը 2015 թվականի ընթացքում պատրաստել և դատարաններին է ներկայացրել 2 հայցադիմում, ըստ որոնց կայացված վճիռներով հայցապահանջները ամբողջությամբ բավարարվել են՝ հօգուտ ԼՂՀ պետական բյուջեի կբռնագանձվի համապատասխանաբար 112 230 և 62 228 ՀՀ դրամ գումար և պետությանը կվերադարձվի 16 160 000 ՀՀ դրամ արժեքով գույք: